Մարդիկ ու քաղաքները զարմանալիորեն հար ու նման են: Նրանք ծնվում, գոյատևում ու մեռնում են: Ես գիտեի այդ քաղաքի` հայի հիմնած բնակավայրի, կյանքի ու մահվան պատմությունը, բայց նորին մեծություն Ժամանակը և նրա արգասիք Covid-19-ը ստիպեցին ուսումնասիրել նաև ծնունդը: Իսկ դա գտնվում էր… միջնադարում:
Կար մի գրաբար ձեռագիր հիշատակարան, որը գրել էին հայր ու որդի, և որի հետքը կորչում էր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պահոցներում, բայց պահպանվել էր ընդօրինակումը: Եվ հենց դա ինձ համար դարձավ սկզբնաղբյուր, որը կանվանեմ Տոնիկաշենի հիշատակարան:
Ի՞նչ բան է միջնադարյան ձեռագիրը, ովքե՞ր են հեղինակները: Գրչագիրները` հեղինակները և ընդօրինակողները, կրթվածության տարբեր մակարդակ ունեցող մարդիկ էին, հիմնականում` հոգևորականներ, որոնք շարադրում էին իրենց աչքի տեսածը, երբեմն էլ` լսածը: Միևնույն պատմական անցքի վերաբերյալ գոյություն ունեն զանազան վկայություններ, երբեմն` հակասական, անստույգ և նույնիսկ իրարամերժ, այդ իսկ պատճառով իմ սկզբնաղբյուրը ստիպված էի համադրել այլ ձեռագրերի, այլ հիշատակարանների հետ և հանգել տրամաբանական եզրակացության:
Տոնիկաշենի հիշատակարանն սկսվում է 1399 թվականից, հեղինակը սեբաստացի դպիր Գրիգորն է: Երբ նա վախճանվում է 1440 թ., գործը շարունակում է որդին` Բրուսայում քահանա ձեռնադրված Գրիգորը և ավարտում 1466 թ., որովհետև «նախ պաշտաւնս ծանր է և բ. ծերացայ իցէ ոչ եւս կարեմ շրջիլ աստ եւ անդ»:
Սկսենք մեր պատումը:
1399 թ. Սեբաստիան մտնում էր բզկտված Բյուզանդական կայսրության Բութանիայի իշխանապետության մեջ, որի Բրուսա քաղաքում գտնվում էր սուլթան Բայազիդի նստավայրը, իսկ նրա որդի Էրթողլուլը (ըստ բյուզանդացիների` Օտոբուլը) Սեբաստիայի կուսակալն էր: Եվ ահա համաշխարհային պատմության ամենահայտնի կաղը` Լենկ Թեմուրը, իր դեղնամաշկ, շեղաչ ու լայնաճակատ զավթիչ բանակով Վրաց աշխարհից անցնում է Փոքր Ասիա: Գրիգոր դպիրը նրան անվանում է «անգութ ճիւաղն եւ անհաւատն Լէնտէմիր», «արբանեակն սատանայի», որը ապրիլի 10-ին «եկն պաշարեաց զզուարճալի քաղաքն մեր Սեբաստիա»:
Այն, ինչ կատարվեց Սեբաստիայի հետ, Գրիգոր դպիրը հպանցիկ նշում է ողբի տեսքով, այնինչ այլոց հիշատակարաններում փաստված են աներևակայելի անողոքության սարսափելի տեսարաններ:
Սեբաստիան համարվում էր Փոքր Ասիայի ամենաանառիկ քաղաքներից մեկը: Երեք կողմից պատված էր ջրալից խրամով և միայն արևմտյան կողմից էր հնարավոր հարձակում, ինչին և պատրաստ էր քաղաքի 12-հազարանոց կայազորը, որի մեջ մտնում էին 4000 քաջարի հայ ասպետներ:
Լենկթեմուրի զորապետ, ակ-կոյլունլու ցեղից Կարա-Օսմանը կիրառեց ռազմական հնարք. 8000 հոգի 15 օր շարունակ գաղտագողի փորեցին արևմտյան կողմի պարիսպը, բայց այնպես, որ չփլվի` փորվածքներում տեղադրելով կոճղեր ու գերաններ: Երբ ամեն ինչ պատրաստ էր, Լենկթեմուրը քաղաքին անձնատուր ու զենընկեց լինելու վերջնագիր ներկայացրեց, խոստանալով մահմեդականներին կյանք շնորհել, իսկ հայ ասպետներին սրախողխող չանել: Մերժում ստանալով, Լենկթեմուրն ազդանշան տվեց այրել փորվածքների գերաններն ու կոճղերը, և մեկ հարվածով արևմտյան կողմի պարիսպն ու աշտարակները փլուզվեցին:
«Արբանեակն սատանայի» կատարեց խոստումը` կյանք պարգևեց մահմեդականներին, գլխատեց միայն կուսակալ Էրթողլուլին: Խոստմանը հավատարիմ մնաց նաև հայ ասպետների նկատմամբ. քանի որ խոստացել էր սրախողխող չանել, հրամայեց նրանց գլուխները կապել սրունքներին, անվի նման զառիթափից գլորել մեծ փոսի մեջ ու ողջ-ողջ թաղել:
Լինելով քրիստոնեության կատաղի թշնամի, Լենկթեմուրն ավերեց քաղաքի բոլոր եկեղեցիները, հայ կանանց կապել տվեց ձիերի ագիներին ու վազեցրեց, երիտասարդ տղաներին ու աղջիկներին ժողովեց դաշտավայրի մեջ և անխնա կոտորեց, աղքատներին գերեվարեց, իսկ հարուստներին կտտանքների ենթարկեց, որպեսզի տիրանա նրանց պահած գանձերին. արդյունքում` 12 տոննա ոսկե, արծաթե ու թանկարժեք իրեր ձեռք գցեց և ուղարկեց Սամարղանդ:
Ահա այսպիսին էր իրավիճակը, երբ 1400 թ. մայիսյան մի գիշեր խոշոր հողատեր ու մեծահարուստ Տոնիկը իր տուն հրավիրեց 400 գերդաստանների ավագներին` միտք անելու: Ներկա էին նաև անհոտ ու անեկեղեցի մնացած տեր Կարապետը, տեր Նշիկը, տեր Գաբրիելը և, իհարկե, Գրիգոր դպիրը: Անտանելի գոյատևումից ազատվելու համար որոշվեց թողնել ծննդավայր Սեբաստիան ու գաղթել արևմուտք` Բութանիա, սուլթան Բայազիդի տիրույթներ, և տրամաբանությունը պարզ էր` թշնամու թշնամին բարեկամ էր:
Թե զավթիչների դաժանության պայմաններում ինչպես հաջողեցրին, Գրիգոր դպիրը, ցավոք, չի նշում, բայց ենթադրում եմ, որ խոշոր կաշառք են տվել ու կարողացել քաղաքից դուրս գալ:
Եվ այսպես, 400 ընտանիքից բաղկացած քարավանը` ջոջ Տոնիկի ու քահանաների առաջնորդությամբ, մայիսին ճանապարհ ընկավ: Սեբաստահայ ընտանիքները մշտապես աչքի են ընկել բազմածնությամբ` 20-30-հոգանոց գերդաստանը համարվում էր միանգամայն բնական: Եթե հաշվի առնենք, որ նրանց մի մասը զոհ էր գնացել Լենկթեմուրին, ապա քարավանը բաղկացած էր առնվազն 1500-2000 հոգուց:
Երկու ամիս անց գաղթականները կանգ առան Սաքարիա և Սապոնջի գետերի արանքում, հունաց Սարիու Դոգանի ավանի մոտ: Սեբաստիայից մինչև այդտեղ ուղիղ գծավ 580 կմ է, բայց չմոռանանք, որ խոսում ենք XIV դ. վերջին տարվա` դարադարձի մասին: Քարավանում կային ծերեր, կանայք, երեխաներ, որոնց հանգիստ էր պետք: Եթե նկատի ունենաք, որ շաբաթը 5 օր են շարժվել, օրական 15 կմ ու կանգ են առել երկու ամիս անց, կնշանակի կտրել-անցել են շուրջ 700 կիլոմետր: Տեսնես ինչպե՞ս են գրաստներով ու սայլերով անցել սարեր-ձորեր, ինչպե՞ս են սնվել, ի՞նչ խոչընդոտներ են հաղթահարել…
Վայրը, ուր հասան, գետնարանքում գտնվող անմարդաբնակ, ապրելու համար ոչ պիտանի ճահճախուտ էր և պատկանում էր օսմանցի Ֆեյզի էֆենդիին: Սա, առաջնորդվելով «թշնամու թշնամին բարեկամ է» սկզբունքով, այդ վայրը նվիրեց գաղթականներին և դարձավ նրանց հովանավոր ու պաշտպան: Իսկ տարեցտարի, օրեցօր իրենց Բյուզանդական կայսրության տարածքները կորցնող հույները, որ ապրում էին անտառապատ բլրի վրա և զբաղվում օճառագործությամբ, ընդհակառակը` խեթ աչքով նայեցին հայերին, առաջնորդվելով «թշնամու բարեկամը թշնամի է» սկզբունքով և նրանց էլ համարելով զավթիչներ:
Բայց դառնանք մեր գաղթականներին: Նրանք վրաններ խփեցին, անտառափայտով ու ծառերի ճյուղերով հյուղակներ սարքեցին և սկսեցին աստիճանաբար ճահիճները չորացնել ու տարածքը յուրացնել: Քահանաներն իրենց հետ բերել էին Սուրբ Կարապետի և Սուրբ Հռիփսիմեի մասունքները և առաջին բանը, որ արեցին, կառուցեցին փայտաշեն մատուռ և անվանեցին Սբ Նշան: Իսկ քանի որ գաղթականների առաջնորդը ջոջ Տոնիկն էր, բնակավայրն անվանվեց Տոնիկաշեն կամ Տոնիկապատ:
Թե ինչպիսի դժվարություններ, չարչարանքներ, զրկանքներ կրեցին գաղթականները, Գրիգոր դպիրը լռում է: Բայց խոսում է այն մասին, թե ինչպես 1404 թ. Սաքարիա գետը ափերից ելավ, տեղի ունեցավ հեղեղում, որն ավերեց Տոնիկաշենի հյուղակները, իսկ ոմանք ջրախեղդ եղան: Պատմում է նաև այն մասին, թե ինչպես 1416 թ. գոռոզամիտ, անհեռատես ու մոլեռանդ հույները հեռացան` այրելով իրենց ավանն ու անտառապատ լեռը:
Գաղթականները Տոնիկաշենն ու շրջակայքը վերածեցին բերքառատ տարածքի: Դա պատճառ դարձավ, որ ոչ միայն հայերի նոր գաղթախմբեր գան Մարաշից, Ակնից, Ավստրո-Հունգարիայից, Պարսկաստանից, այլև չերքեզներ ու վրացիներ, և XVI դ. Տոնիկաշենի դաշտավայրում արդեն կար 125 գյուղ:
Ըստ Տոնիկաշենի հիշատակարանը շարունակող տեր Գրիգորի, երբ 1453 թ. սուլթան Մահմեդը գրավում է Կոստանդնուպոլիսը, երկու տարի անց հրաման է արձակում քանդել վրաններն ու հյուղակները և կառուցել փայտե ու քարե տներ: Դրա նպատակը գաղթականներին տեղում պահելն էր, նստակյաց դարձնելը: Տոնիկաշենցիները ենթարկվեցին ու կառուցեցին 600 տուն:
Սկսվեց քրիստոնյաների հալածանքը թուրքերի կողմից. հայերին ու հույներին արգելվեց ձի կամ էշ հեծնել, կարող էին միայն ջորի նստել, այն էլ` շեղակի: 1462 թ. հույներին արգելվեց մայրենի լեզվով խոսել, իսկ տոնիկաշենցիները պահպանեցին հայերենը` շնորհիվ Ֆեյզի էֆենդու բարեհաճության:
Շուրջ 12 հազար բնակչություն ունեցող Տոնիկաշենը շրջակա գյուղերի համար վերածվեց բերքավաճառության շուկայի: Ամեն երկուշաբթի այստեղ կազմակերպվում էին տոնավաճառներ, և թուրքերը 1661 թ. քաղաքը վերանվանեցին Ադաբազար, ադա` թարգմանաբար կղզի, որովհետև գտնվում էր երկու գետի միջակայքում, և բազար` շուկա:
Վերևում արդեն ասել եմ, որ Տոնիկաշենի հիշատակարանն ավարտվում է 1466 թ., դրանից հետո` ավելի քան չորս դար, Ադաբազարի վերածված Տոնիկաշենի մասին պատմական աղբյուրները լուռ են: Բայց փաստ է` թուրքերը ձեռք գցեցին մի բնակավայր, որ հիմնել, շենացրել էին հայերը, և որի հետ իրենք որևէ առնչություն չէին ունեցել:
Ես ինքս իմ առաջ երդվել եմ, որ ոտք չեմ դնի Թուրքիա: Որովհետև դա ոսոխ-երկիր է: Որովհետև եթե Ադրբեջանը թշնամի է հռչակել Հայաստանի Հանրապետությանը, ապա Թուրքիան՝ ողջ հայ ազգին, ժխտելով իր գործած ցեղասպանությունը, Հանրապետության սահմանը փակ պահելով, դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով ու պայքար մղելով Սփյուռքի դեմ:
Հայաստանի ճամփորդական գրասենյակները, որոնք տուրիստական խմբեր են կազմում ու տանում Արևմտյան Հայաստան՝ Վան, Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, հուշ են վաճառում, պատմական հուշի բիզնես են անում: Բայց չեմ հասկանում այն հայրենակիցներիս, որոնք մեկնում են այդ խմբերով: Իբր՝ ի՞նչ: Կարոտա՞խտ փարատել: Ինչպե՞ս կարելի է կարոտ տածել մի վայրի հանդեպ, որտեղ չես ծնվել ու երբևէ չես ապրել: Ստորացվելու զգացում չե՞ն ապրում թանգարանի վերածված Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատերին տեսնելով սպիտակ կիսալուսնով և աստղով թուրքական կարմիր դրոշները: Եվ դեռ դրա համար վճարում են՝ ի նպաստ Թուրքիայի պետական գանձարանի:
Այո, երդվել եմ, որ ոտք չեմ դնի Թուրքիա ու երդումս խախտած չեմ լինի Covid-19-ի ժամանակ երևակայական ճամփորդություն կատարելով: Ես ուզում եմ Ադաբազարը տեսնել ու դրա համար նախապատրաստվել եմ:
Նախ, ունկերիս խոռոչների մեջ մտցրել եմ երկու փոքրիկ ռետինե խցաններ՝ ականջափակեր, որովհետև չեմ կարող, ի վիճակի չեմ լսելու թուրքերեն գեթ մեկ բառ: Թուրքերենն ինձ համար, առաջին հերթին, ցեղասպանների՝ գլխատողների, անդամահատողների, առևանգիչների, բռնաբարողների, ողջ-ողջ այրողների, մանուկներին կամրջից նետողների լեզու է, և ես չեմ ուզում այն լսել:
Հագնված եմ տուրիստի պես ու ձեռքիս պլանշետ է, որտեղ կան մի քարտեզ ու բազմաթիվ հին լուսանկարներ:
Հայտնվում եմ Կոստանդնուպոլսի Հայդարփաշա կայարանում, որտեղից գնացք պիտի նստեմ: Ամենուր, ամեն քայլափոխի Թուրքիայի դրոշներն են: Ոչ մի ձայն չեմ լսում, բայց թուրքերը հանկարծ քարանում-կանգնում են. երևի մուեզզինը Այա Սոֆիայից ազան է կանչում:
Երանի՜ ընչացքներս էլ փակ լինեին ու չզգայի քարափին բախվող Մարմարայի թույլ ալիքների գաղջը: Այդ հեղձուկն ինձ հիշեցնում է 1915-ի ապրիլի 11-ը, երբ Պոլսո հայաբնակ տներից գիշերով հավաքեցին, «ծաղկաքաղ» արեցին շուրջ 250 մտավորականների, հոգևորականների, հեղափոխականների, պետական ծառայողների, վաճառականների ու միանգամայն պատահական մարդկանց և ասկյարների հսկողությամբ բերեցին այստեղ՝ գնացքով Չանկրի աքսորելու:
Մոտենում եմ տոմսարկղին և խնդրում Ադաբազարի տոմս տալ: Խոսում եմ ռուսերեն (այստեղ մեծ մասը ռուսերեն հասկանում է), չեմ լսում տոմսավաճառ թրքուհին ինչ է ասում, բայց ափումս հայտնվում է տոմսակը:
Այստեղից օրական 10 շարժակազմ է գնում Ադաբազար: Տարածությունը 125 կմ է, և 1 ժամ 38 րոպե անց տեղ եմ հասնելու:
Պլացկարտ վագոնը մարդաշատ չէ՝ մի քանի թուրքեր, որոնք ակնապիշ նայում են տուրիստիս: Վագոնի բոլոր լուսամուտների ապակիներին թուրքական թափանցիկ դրոշն է՝ աստղն ու կիսալուսինը:
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ